Հազվադեպ տրվող հարցեր

«Հազվադեպ տրվող հարցեր»-ը «։Բուն TV»-ի և «Ռեստարտ» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող նախաձեռնություն է, որի վերջնարդյունքում 12 ակտիվ երիտասարդ հարցազրուցներ են վարելու պետական պաշտոնյաների, քաղհասարակության և մեդիայի կարևոր ներկայացուցիչների հետ երկրի անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Հաղորդաշարը նաև միտված է երիտասարդների հարց ձևակերպելու և հարցազրույց վարելու հմտությունների զարգացմանը: 

Նախագծի շրջանակներում ՓԵՆ-ը իրականացրել է մասնակից երիտասարդների հետ նախապատրաստական, ուսուցողական և խորհրդատվական աշխատանքներ՝ մասնավորապես «Պատերազմի և Խաղաղության» թեմայով դասախոսություններ, հարցազրույցի վարման վարպետության դաս, գործնական խորհրդատվություն՝ նկարահանման տարածքի հետ ծանոթացման այցելության և հարցազրույցի վարման փորձարկումների միջոցով, ինչպես նաև Ղարաբաղի հարցի շուրջ զրույց-բանավեճ։  

«։Բուն TV»-ում տեղի ունեցած ծանոթացման այցի ընթացքում մասնակիցները վիդեոփոթքաստի տաղավարում իրականացրել են փորձնական նկարահանումներ, որոնց տեսագրություններն այնուհետև մանրամասն քննարկվել են Արմեն Օհանյանի հետ։ Մասնակիցներին անհատական խորհրդատվություն է տրամադրվել ձայնի ինտոնացիայից մինչև ժեստերի կիրառում,  տաղավարին համահունչ հագուստի ընտրությունից մինչև դիմահարդարում։    

Գործնական խորհրդատվությունից զատ տեսական գիտելիքների և քննարկվող հարցերի շուրջ մտահորիզոնը լայնացնող դասախոսություններով հանդես է եկել միջազգայնագետ Դավիթ Իսաջանյանը։ Առաջին դասախոսությունն անց է կացվել «Բուն» ակումբում, որին հաջորդել է առցանց հանդիպում։ 

Դասախոսությունները նվիրված էին պատերազմի և խաղաղության փիլիսոփայական, քաղաքագիտական և միջազգայնագիտական տեսությունների քննությանը: Հնարավորինս համկողմանի պատկեր ստեղծելու նկատառմամբ՝ անդրադարձ է կատարվել թե՛ առանձին հեղինակների, թե՛ առանձին դպրոցների՝ այդ կարպ ուրվագրելով պատերազմի և խաղաղության իրապաշտական (ռեալիզմ), նորիրապաշտական (նեոռեալիզմ), նորդասական, գերիշխանական, ազատական (լիբերալ), ժողովրդավարական, տնտեսական, կերտվածապաշտական (կոնստրուկտիվիզմ) տեսությունների հիմնական դրույթները՝ նաև անդրադառնալով ոլորտում կիրառվող եզրաբանությանը, մեթոդաբանական գործիքակազմին, նորմատիվ հարացույցերին ու ապագայամետ կանխատեսումներին, ինչպես նաև տարբեր տեսական կաղապարների: Դասախոսություններն անդրադարձել են պատերազմի բնույթի մերօրյա՝ միջպետական պատերազմից քաղաքացիական և ահաբեկչական պատերազմի անցմամբ դրսևորվող փոփոխությունների վերլուծությամբ և տարբեր տեսական դիրքերից Ղարաբաղի հարցի շուրջ քննարկմամբ։ 

Ծրագրի շրջանակներում «Բուն» ակումբում կազմակերպվել է նաև զրույց-բանավեճ ՓԵՆ անդամներ Յուրի Մանվելյանի և Արման Գրիգորյանի հետ, որի ընթացքում «Հազվադեպ տրվող հարցերի» հեղինակներին հնարավորություն ընձեռվեց լսելու նաև «հազվադեպ հնչեցվող կարծիքներ»։ Զրույցի նպատակն էր մասնակիցներին դուրս բերել Ղարաբաղի հարցի շուրջ քարացած պատումների և հարցադրումների շրջանակից և բանավիճել այլընտրանքային տեսակետներ ունեցող անձանց հետ։ 

«Բուն» ակումբում տեղի ունեցած հանդիպումների շարքն ավարտվեց հարցազրույցի վարման վերաբերյալ վարպետության դասով, որը վարեց Կարեն Ավետիսյանը։ Վարպետության դասի ընթացքում Կարեն Ավետիսյանը կիսվեց իր՝ որպես երկարամյա հարցազրուցավարի փորձառությամբ, ինչպես նաև վերլուծական քննարկումներ ծավալեց միջազգային ասպարեզում լեգենդար համարվող հարցազրույցների դիտումների շուրջ։ Ներկաները ծանոթացան գործնական հողի վրա հարցազրույցի վարման տարբեր մարտավարությունների, մասնագետի ուղղորդմամբ անհատապես կողմնորոշվեցին հարցազրույցի վարման սեփական ձևի ընտրանքում։ 

Հիշեցնենք, որ «Երիտասարդական քաղաքականությունը» ՓԵՆ-ի որդեգրած չորս ռազմավարական ուղղություններից մեկն է (տես՝ Տարեկան Ժողով 2022-ի հաշվետվու նյութը), հետևապես մեծապես կարևորում ենք երիտասարդության ձայնը լսելի դարձնող այս հարթակում մեր մասնակցությունը, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին։ 

ԹԱՐՄԱՑՈՒՄ․

Նախագծի շրջանակներում ՓԵՆ-ի իրականացրած կրթական և շարունակական խորհրդատվության արդյունքների հետ հանրությունն արդեն իսկ հնարավորություն ունի ծանոթանալու «։Բուն TV»-ի եթերում, ինչպես նաև առցանց։