Գրամոքում․ եռօրյա արտագնա հավաք և աշխատանոց

«Գրամոքում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 21-23-ը, Աղվերանում տեղի ունեցավ եռօրյա հավաք և աշխատանոց, որին ՓԵՆ անդամներից բացի մասնակցեցին հրավիրված հետազոտողներ, գրադարանավարներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և այլ առնչակից մասնագետներ։ 

Հավաքը հիմնականում նվիրված էր ծրագրով նախատեսված և արդեն իսկ իրականացված մի քանի հիմնարար հետազոտությունների արդյունքների ներկայացմանը և քննարկմանը։ 

Հոգեբան Սոնա Մանուսյանը ներկայացրեց իր «Գրամոքման հոգեբանական հիմքերը, կիրառման սպեկտրը և Հայաստանում տեղայնացման հեռանկարներն ու սահմանները» հետազոտությունը։ Զեկույցը հիմնված էր բիբլիոթերապիային վերաբերող 100-ից ավելի աղբյուրների (տեսագործնական գրքեր, հոդվածներ, ամոքիչ գրականության նմուշներ, հանրամատչելի նյութեր և այլն) վերլուծության վրա։ Ներկայացվեցին բիբլիոթերապիայի զանազան ըմբռնումները, կիրառման ոլորտները (մանկական կամ մեծահասակների հոգեթերապիա, առօրեական դժվարությունների կամ հատուկ հոգեբանական խնդիրների հասցեագրում և այլն), նպատակները (ինքնաճանաչում և զարգացում, վերապրում և հուզական թոթափում, վարքային և հաղորդակցական կարողությունների բարելավում և այլն), հիմնական ձևերը և տեսակներն ըստ դասակարգման տարբեր հիմքերի, թիրախ խմբերը, հասցեագրելի խնդիրները (այդ թվում՝ տրավմաների/հոգեվնասվածքների հետ աշխատանք)։  Հետազոտողը մանրամասն անդրադարձավ ընթերցանությամբ թերապիայի (գրքամոքման) և գրելով թերապիայի ուղղություններին և դրանց տարբերությանը, արդի դրությունը, կիրառման նպատակահարմարության և արդյունավետության հարցերին, ինչպես նաև Արևմտյան փորձի և հայաստանյան արդի սոցիալ-հոգեբանական խնդիրների հիման վրա Հայաստանում գր(ք)ամոքման կիրառման հեռանկարներին։ Նա նաև հանդես եկավ առաջարկերներով՝ հօգուտ միջմասնագիտական գործակցությամբ, ինտերակտիվ, խմբային, ինտեգրատիվ (և՛ անձնային խնդիրների լուծման, և՛ անձնային աճի/կրթական տարրերով), համադրական (ընթերցանության և գրի տեխնիկաների), երկարաժամկետ (կամ միջնաժամկետ) ծրագրերի փորձարկման և կիրառման։

Լյուսի Քարամյանը և Անի Կոջոյանը (առցանց միացմամբ) ներկայացրեցին իրենց համատեղ հետազոտությունը՝ «Բիբլիոթերապիայի անատոմիան․ սոցիալական աշխատանքի հայաստանյան պրակտիկայում բիբլիոթերապիայի կիրառման հեռանկարները»։ Տվյալ հետազոտական աշխատանքի միջոցով հեղինակները փորձել են խորությամբ ուսումնասիրել բիբլիոթերապիայի էությունը, ծագումը, պատմական զարգացումը, կիրառումը տարբեր ոլորտներում՝ հատկապես կենտրոնանալով սոցիալական աշխատանքի միջազգային ու տեղական պրակտիկաների առանձնահատկությունների ու հեռանկարների վրա։ Այսօր օգնող մասնագիտությունների միջազգային պրակտիկայում բիբլիոթերապիան ընդունված թերապևտիկ պրակտիկա է։ Այն կարևոր ու ազդեցիկ գործիք է, որը կարող է արդյունավետորեն կիրառվել տարբեր մասնագիտություններում, ներառյալ՝ սոցիալական աշխատանքում։ Զեկուցողները հավաստեցին, որ բիբլիոթերապիան պետք է ժամանակակից սոցիալական աշխատանքի պրակտիկայում որպես լրացուցիչ գործիք, որը կարող է կիարառվել տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների հետ աշխատելիս։ 

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը ներկայացրեց իր «Մարդը պատերազմից հետո․ Մարդաբանական դիտարկումներ բիբլիոթերապիայի կիրառման հնարավորությունների շուրջ» հետազոտական աշխատանքը։ 

Այնուհետև, ներկաները քննարկեցին ինչպես գրամոքման տեղայնացման հետ կապված խնդիրները, այնպես էլ միջազգային փորձի կիառման հնարավորությունները։

Հայաստանն ունի գրի և գրականության հետ կապված երկարատև ավանդույթ, ինչը կարող է նպաստել գրամոքման պրակտիկայի ներդրմանն ու տարածմանը: Միաժամանակ միևնույն հանգամանքը կարող է խանգարող լինել, քանի որ Հայաստանում առկա գրին առնչվող միստիկ պրակտիկաները (նարեկաբուժություն, տան սրբեր՝ գրքերի տեսքով, թուղթուգիր և այլն), կարող է խոչընդոտեն գիտահեն գրամոքման պրակտիկաների ճիշտ ընկալմանը հասարակության լայն շերտերի կողմից: Ճիշտ կառուցված և թիրախավորված հանրային իրազեկման ռազմավարության միջոցով հնարավոր է լուծել այս խնդիրը և խանգարող հանգամանքը ևս ծառայեցնել ի նպաստ գրամոքման պրակտիկաների յուրացման:

Ներկայումս աշխարհում գործում են ոլորտային բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, շարունակական նախագծեր և հետազոտական կենտրոններ, որոնք արվեստաբուժության և մասնավորապես գրամոքման ոլորտում կայացման օրինակելի ուղի են անցել։ Օրինակ, բրիտանական Lapidus International-ը կիրառում է գրի և խոսքի ներուժը,  IEATA-ն՝ արտահայտչական արվեստների, NAPT-ը՝ պոեզիայի, HSA-ը՝ պատմություններ անելու, Graphic Medicine International Collective-ը՝ պատկերապատումների, և այլն։

Հետազոտությունների ներկայացմանը և քննարկմանը հաջորդեց աշխատանոցը՝ երեք թեմատիկ խմբերոով․ Գրամոքումը՝  ընթերցանության (բիբլիոթերապիա, գր(ք)ամոքում), գրի թերապիայի (գրաթերապիա), ինչպես նաև համադրական մեթոդների կիրառման միջոցով։ 

Հավաքի մասնակիցները եկան ընդհանուր եզրակացության, որ առավել նպատակահարմար է գործընկեր գրադարաններում՝ որպես առավել ապահով և տրամադրող տարածքներում, օգնող մասնագետների՝ հոգեբան-խորհրդատուների, սոցիալական աշխատողների, ինչպես նաև տեղում ներգրավված, որոշակի վերապատրաստում անցած գրադարանավարների օգնությամբ իրականացնել գրամոքման մշակված պիլոտային ծրագրեր՝ այդ թվում, թե՛ խմբային ընթերցանությունների և թե՛ անհատական օգնության ձևաչափերով։

Խմբերում մշակվեց «Գրամոքման»  գիտելիքահենք-ստեղծարար հայեցակարգեր, միջնաժամկետ գործողությունների և քայլերի պլան, ինչպես նաև կոնկրետ և հասցեական առաջարկներ: Մասնավորապես, ամոքմամբ զբաղվող մասնագիտական համայնքը կնպաստի գրամոքման տեսական/գիտական հիմքերի ներդրմանն ու պրակտիկ կիրառմանը, թարգմանիչները՝ անհրաժեշտ/ընտրված գրականության թարգմանությանն ու տարածմանը, գրադարանավարներն իրենց աշխատանքում գրքերի ճիշտ ընտրությանն ուղղված խորհրդատվության միջոցով՝ ամոքիչ դեր ունեցող գրականության տարածմանը, թեմատիկ քարտարանների հավաքագրմանը, գրողները, բանաստեղծները և այլն՝ պրակտիկայի հանրայնացմանը և ամոքիչ պատումների ստեղծմանը:

«Գրամոքում» նախագիծն իրագործվում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից` Շվեդիայի կառավարության աջակցությամբ։